Աղբիւր՝ www.yerkir.am

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանի հրաւէրով Հայաստանում է գտնւում Իրանի Իսլամական Հանրապետութեան գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխաւորած պատւիրակութիւնը: Այցի սկզբում տեղի է ունեցել երկու երկրների պատւիրակութիւնների երկկողմ հանդիպում, որից յետոյ նախարարները ստորագրել են «Գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցութեան մասին» փոխըմբռնման յուշագիր:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանը ողջունել  եւ շնորհակալութիւն է յայտնել Իրանի գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարարութեան պատւիրակութեանը` Հայաստան այցելելու համար: Լեւոն Մկրտչեանը նշել է, որ ստորագրւած յուշագիրը երկարատեւ աշխատանքի արդիւնք է, որն ընդգրկում է բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան ոլորտները: «Նման ներկայացուցչական եւ ընդգրկուն պատւիրակութեան այցը իսկապէս կը նպաստի երկու երկրների կրթութեան եւ գիտութեան ոլորտների համագործակցութեան զարգացմանը: Տպաւորիչ է այն արդիւնքները, որ Իրանը ունի յատկապէս գիտութեան բնագաւառում. մի շարք արդիական ուղղութիւններով այն համաշխարհային առաջատարների խմբում է` յատկապէս նանոտեխնոլոգիաների, կենսաքիմիայի եւ կենսաբանութեան: Յուշագրի ստորագրումից յետոյ կը ձեւաւորւի աշխատանքային խումբ, որը կը մշակի յետագայ գործողութիւնների քարտէզը: Պայմանաւորւածութիւն է ձեռքբերւել, որ Իրանը հայկական կողմին կը տրամադրի 5 դասախօսի եւ 15 ուսանողի կրթաթոշակ`բնական գիտութիւնների ուղղութեամբ` ԻԻՀ-ում աշխատելու եւ սովորելու համար: Մեր դռները եւ հնարաւորութիւնները նոյնպէս բաց են, եւ մենք սիրով պատրաստ ենք մեծացնել ուսանողների եւ դասախօսների փոխանակման ծրագրերը»,-նշել է նախարար Լեւոն Մկրտչեանը:

Իրանի Իսլամական Հանրապետութեան գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին իր հերթին նշել է, որ ուրախ է` իր  հայ գործընկերոջ հրաւէրով Հայաստանում գտնւելու համար: «Ոչ միայն երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաների կամքն է, այլ նաեւ առկայ են բոլոր հնարաւորութիւնները` զարգացնելու երկու երկրների միջեւ համագործակցութիւնը: Հայաստանում սովորող իրանցի ուսանողները կարող են կամուրջ լինել երկու երկրների միջեւ: Յուշագիրը գիտութեան, կրթական, տեխնոլոգիաների եւ հետազօտութիւնների ոլորտի զարգացմանն է վերաբերում, որի միջոցով աւելի կամրացնենք ու կը խորացնենք մեր համագործակցութիւնը: Բացի դասախօսների ու ուսանողների փոխանակումից, կիրականացնենք նաեւ փորձի փոխանակում: Կրթաթոշակներ կը յատկացնենք կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ հատւածներում: Բուհերից բացի կը համագործակցեն նաեւ գիտատեխնոպարկերը»,-ընդգծել է Մոհամմադ Ֆարհադին:

Նշենք, որ փոխըմբռնման յուշագրի շրջանակներում կողմերը կը խթանեն գիտական կազմակերպութիւնների, համալսարանների եւ հետազօտական հաստատութիւնների միջեւ համագործակցութիւնը, ինչպէս նաեւ կամրապնդեն երկու պետութիւնների գիտական համայնքների միջեւ կապերը: Մասնաւորապէս,  կողմերը կը համակարգեն համատեղ հետազօտական նախագծերի երկկողմ ֆինանսաւորումը երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հետեւեալ ոլորտներում` ֆիզիկա, բնագիտութիւն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտութիւններ եւ ճարտարագիտութիւն, բնապահպանական գիտութիւններ, երկրագիտութիւններ, բարձր արտադրողականութեան համակարգչային հաշւարկներ, ճարտարագիտութիւն, տեխնոլոգիաներ եւ նորարարութիւն, իրանագիտութիւն եւ հայագիտութիւն (լեզու եւ մշակոյթ) եւ այլ ոլորտներ:

Կողմերը կը խրախուսեն հետազօտական հաստատութիւնների միջեւ համագործակցութիւնը` փոխանակելով կրթական համակարգերի եւ ծրագրերի վերաբերեալ տեղեկատւութիւնը, կը նպաստեն ակադեմիական եւ ղեկավար կազմի, դասախօսների, ֆակուլտետների անդամների եւ փորձագէտների փոխանակմանը,  կը փոխանակեն գիտատեխնոպարկերի եւ ինկուբատորների ստեղծման, կառավարման գիտելիքի եւ փորձի վերաբերեալ տեղեկատւութիւնը, կաջակցեն երկու երկրներում գիտատեխնոպարկերում գիտելիքահեն կազմակերպութիւնների ստեղծմանը, փոխադարձաբար կը տրամադրեն կրթաթոշակներ միւս կողմին եւ այլն: Կողմերը կը ստեղծեն գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների համատեղ կոմիտէ, որի հանդիպումները կանցկացւեն 2 տարին մէկ կամ միւս կողմի յայտով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետութիւնում եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում:

ՀՀ ԿԳՆ